Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

2050. Ինչ կա-չկա աշխարհում

2050. Ինչ կա-չկա աշխարհում
14.02.2021 | 11:52

Մարդը ձգտում է ծրագրել ապագան: Բայց մարդը ծրագրում է, Աստված՝ տնօրինում: Երբեմն էլ ծիծաղում է մահկանացուների ծրագրերի վրա: Երեկ, թերևս, շատերն ունեցան այդ զգացումը՝ ուղղահայաց ու հորիզոնական տատանումների մի քանի րոպեներում, որ այլ կերպ անվանվում է երկրաշարժ: Ու եթե երկրի խորքում ինչ-որ տեղից ժայթքած ցնցումը լիներ ոչ թե 6-7, այլ 8-9 բալլ, մեզնից ով որտեղ կլիներ՝ ոչ ոք չգիտի: Բայց կանք ու գուցե վախով, գուցե ծիծաղով ենք հիշում հանկարծահաս դղրդոցն ու ճոճանակը, որի մեջ ոչ միայն մենք էինք, այլև՝ երկիրը: Ու՝ հաստատ՝ տիեզերքը, որովհետև մենք մեկ միասնություն ենք:


Ինչ-որ տեղ նստած մարդիկ իրենք իրենց զբաղեցնելու համար ապագայի ծրագրեր են կազմում երկրների ու ազգերի ճակատագրի մակարդակով: Նրանք իրենք իրենց անվանում են քաղաքագետներ, փորձագետներ, պայծառատեսներ, վերլուծաբաններ, թե վարձավճարված ծաղրածուներ, կարևոր չէ: TGRT թուրքական հեռուստաալիքը ցուցադրել է Stratfor կենտրոնի հնարած 2050-ի Թուրքիայի քարտեզը: Մեղմ ասած՝ Թուրքիայի: Ինքներդ էլ հասկանում եք, Հայաստան չկա, ոչ էլ Վրաստան, ու չկա նաև Ռուսաստանը՝ իր ներկա տարածքով: Կա համատարած Թուրքիա՝ Կովկասից Բալկաններ: Չգիտեմ՝ ինչ են մտածում հույները ու մյուսներն այդ քարտեզի մասին, հայերը չեն հավատում: Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 10-ից հետո: Ռուսները, բնականաբար ասպարեզ են նետում այնպիսի տեսակետներ, որ հանկարծ չվիրավորեն թուրք «բարեկամներին»՝ օրինակ՝ «Նման տեղեկատվությունը դիտավորյալ է նետվում՝ արձագանքը ստուգելու համար: Բայց մենք դրան չենք արձագանքի»: Ինչու՞ չեք արձագանքի: Վախենու՞մ եք: Արհամարհու՞մ եք: Չե՞ք հավատում: Դե ֆակտո, որ ազգայնական ալիքի վրա Անկարան պատրաստ է իր յաթաղանի տակ առնել ոչ միայն Հարավային Կովկասը, այլև՝ Միջին Ասիան, Բալկանները ու Մերձավոր Արևելքը, մեղավորը Ռուսաստանն է: Կրեմլը, որ ցնորական ծրագիր է հնարել՝ իբր Անկարային պոկում է ԱՄՆ-ից, հանում ՆԱՏՕ-ից: Ոչ մի թուրք դրան չի հավատում, ոչ մի նախագահ՝ Էրդողանից առաջ ու հետո, երբեք կապերը չի կտրի իրեն սնուցող ԱՄՆ-ից ու ԵՄ-ից, բայց թուրքերը կայֆով բլեֆ են անում, թե բարեկամ են ռուսներին, որ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից պոկեն ավելին, քան կարող էին հույս ունենալ, եթե չլիներ Ռուսաստանի հետ քաղաքական սիրավեպը:

Ի՞նչ են ստանում ռուսները: Մանր-մունր ու ժամանակավոր հաջողություններ՝ բիզնեսի տեսքով և մեծ պատերազմի սպառնալիք Թուրքիայի հետ: Երբ Անկարան աջ ու ձախ հայտարարում է, որ Ղրիմը իրենն է, իսկ Կրեմլը մատների արանքով է նայում, այլ կերպ չի կարող լինել: Էրդողանը մինչև 2023-ը փորձելու է մի գիշեր էլ մտնել Ղրիմ, ինչպես ինքն է սիրում հայտարարել՝ մի գիշեր մենք կգանք: Ու այդ ժամանակ Սիրիայում, Իրաքում կամ Լիբիայում իրար դեմ կռվելով հարցը չեն փակելու: Կռվելու են իրար հետ, ու Էրդողանը խփելու է ռուսներին իրենցից գնած զենքով: Դիպուկ է խփելու՝ ռուսներն են սովորեցնում այդ զենքը օգտագործելը: Ռուսները իրենք իրենց մասին ասում են, որ սայլը դանդաղ են բարձում, բայց արագ են գնում՝ որ ռուսը չի սիրում սրընթաց երթ: Բայց այս դեպքում ոչ թե դանդաղ են բարձում, այլ սայլն էլ չեն սարքել: Այլապես ինչո՞վ բացատրել Մոսկվայի աղաղակող լռությունը 2020-ի նոյեմբերին, երբ Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը ճեմում էր Ղազախստան ու Ուզբեկստան՝ Թուրանի բանակի նախագծով: Տեղական մամուլը գրեց, որ Անկարան գնում է սովետական զինատեսակները երկու հանրապետություններից, հետո Ղազախստանը հերքեց, բայց հերքելու նման չէր: Ամեն տարի Թուրքիայում 200 ղազախ սպաներ են ռազմական ուսուցում անցնում: Ինչու՞: Ի՞նչ է անելու Ռուսաստանը, երբ Թուրքիան իր ռազմաբազաները դնի Ղազախստանում ու Ուզբեկստանում, որտեղ կտեղավորի Սիրիայի ու Լիբիայի մոջահեդներին: Թուրք էմիսարները բացահայտ գործում են Ուզբեկստանի Ֆերգանայի դաշտավայրում ու բանդաներ են ձևավորում Ղրղզստանում: Փաստացի՝ թուրքերի կրնկի տակ է և Վրաստանը:

Բաթումիում, օրինակ, թուրքերը մեծ համայնք են ձևավորել, որ ցանկացած պահի պատրաստ է կատարել Էրդողանի ցանկացած հրաման: Վրաստանի տնտեսությունը հիմնականում թուրքերի ձեռքին է: Իսկ վրացիները սիրով «դարավոր բարեկամություն» են խաղում Անկարայի ու Բաքվի հետ: Ի՞նչ է անելու Մոսկվան, երբ թուրքերը հայտնվեն իր տարածքում՝ դաշնության մահմեդական սուբյեկտներում: Համենայն դեպս՝ Թուրքիան այդ տարածքներում իր փափուկ ուժը արդեն գործարկել է՝ ազգային էլիտաների թույլ տեղերը տնտղելով ու քարոզելով ընդհանուր՝ ծագման մանդրան: Մոսկվան հույսը դրել է, որ Թուրքիան հիմա տնտեսապես թույլ է և Մեծ Թուրանի ծրագիրը տնտեսապես չի ձգի ու չի կարող ներդրումներ անել՝ անկման մեջ գտնվող տնտեսությամբ ու արժեզրկված լիրայով: Մոսկվան խաղը դնում է Թուրքիայի թուլության վրա՝ կորոնավարակը կիսամահ է արել զբոսաշրջությունը, որ տնտեսության 15%-ն է: Փաստ է, որ Էրդողանի ռազմական արկածախնդրությունները խարխլում են տնտեսությունը, երկրի կեսը ատում է Էրդողանին, կեսը՝ պաշտում, քրդերի անջատողական տրամադրությունները մեծանում են, ամեն պահի կարող են իրենց ինքնավարության ստեղծումը հայտարարել: Բայց և Թուրքիան, և Ռուսաստանը նույն խնդիրներն ունեն: Ու պետք չէ հույս դնել Էրդողանի թուլության կամ խելամտության վրա: Մինչև 2023-ը՝ Թուրքիայի ներկա հանրապետության 100-ամյակն ու նախագահական ընտրությունները, Էրդողանը հարկադրված է ինչ-որ ֆոկուս անել՝ վերընտրվելու համար: Օրինակ, որոշել է կին տիեզերագնաց ուղարկել տիեզերք՝ ռուսների աջակցությամբ: Եվ նույն Էրդողանը արդեն հայտարարել է, որ «Ադրբեջանում» այլևս ռուս խաղաղապահներ պետք չեն: Միայն Էրդողանը չէ, տարամակարդակ թուրք պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենց նպատակը Թուրքիայի կազմում Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը, Բալկանները ներառելն է՝ Սիրայի ու Իրաքի մասին արդեն չեմ ասում: Բայց Ռեջեփ Թայիփովիչը իր մնացած կյանքում ուրախանալու է միայն Բաքվի ռազմական շքերթով, այլ հաղթանակ բայրաքթարները նրան չեն բերելու, աստղերը շրջվել են սուլթանից: Նա, իհարկե, շարունակելու է սպանել ու հակաահաբեկչական, հակաքրդական ու էլի ով գիտի ինչ զառանցանքի անվան տակ մահ ու ավերածություն է սփռելու որքան կարողանա, բայց դա այլևս հաղթանակի զգացում նրան չի տալու: 2050-ին միֆական քարտեզը Էրդողանի ժառանգները փոխանցելու են իրենց ժառանգներին՝ իբրև հայրերի չկատարված երազների վկայական: Հայաստանը միշտ էլ ոսկոր է եղել ու ոսկոր է մնալու Թուրքիայի կոկորդին, որ ոչ հետ է գալիս, ոչ առաջ է գնում՝ ուզում ես կոկորդդ կտրի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դրության աբսուրդը՝ Մեծ Թուրանը 20-րդ դարավերջին Թուրքիայի քաղաքական ասպարեզ բերողը Էրդողանը չէ, այլ՝ Ֆեթուլա Գյուլենը, որ ինքն իրեն անվանում է փիլիսոփա ու ապրում է ԱՄՆ-ում: Գյուլենի երկրպագու Էրդողանը նրանից է ստացել էքսպանսիոնիզմի հոգևոր սնունդը, բայց եթե ծերուկ Ֆեթուլան քարոզում էր փափուկ ուժը, Ռեջեփ Թայիփովիչը ագրեսիայի կողմնակից է: Գուցե հենց դա է նրանց բաժանման ու Գյուլենի փախուստի պատճառը Թուրքիայից, որ նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վատացման պատճառներից մեկն է՝ Էրդողանը պահանջում ու չի ստանում իր փախստական ուսուցչին: Ստանա էլ՝ ոչինչ չի փոխվելու: Մեծ Թուրանի մեծ միֆը ոչ 20-րդ դարասկզբին, ոչ 21-րդ, ոչ էլ երբևէ իրականություն չի դառնալու: Քարտեզները կգծեն ու կերազեն, ոչինչ ավելին: Չեմ զարմանա, եթե համանման քարտեզներ Կրեմլում էլ գծեն՝ երկու կայսրությունները երազում են վերականգնվել: Նրանց հարաբերությունների կարգավորումը միշտ լինում է մեր հաշվին՝ 20-րդ դարում կերան Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, 21-րդ դարում կիսեցին Արցախը: Վերջ: Ավելին չեն ստանալու, եթե անգամ Կրեմլում ծրագրում են Հայաստանը հանձնելով Թուրքիայի ախորժակը փակել: Եվս մի քայլ՝ բերելու է Մոսկվա-Անկարա բախման...

Դիտվել է՝ 100533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ